Նախկին քաղաքապետի և քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Gorcy karchvel e

Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2.990.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, և հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից:

Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Ձեզ կեհաքրքրի...