ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի փետրվարի 27-ի արտահերթ նիստի օրակարգում: Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն 19 դեպքերում խախտել է ՀԾԿՀ 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի պահանջը, համաձայն որի՝ դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը դիմող անձին է ներկայացնում տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ Ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում: «Խախտել է կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ, իսկ առնվազն 18 դեպքում դիմող անձինք պատշաճ կերպով չեն ծանուցվել առաջացած խնդիրների մասին»,- նշված է նախագծում: