ՌԴ դեսպանն անդրադարձել է Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի, Հ․ Թովմասյանի գործերին ու ՀԱՊԿ-ի դերին (տեսանյութ)
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք արտացոլվում են թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության եւ թե ինտեգրացիոն միություններում, անվտանգության ոլորտում։
Այդ մասին նա նշեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում թեմայով կլոր սեղան-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում։
Լրագրողի դիտարկմանը, որ ադրբեջանա-հայկական զորքերի շփման գծում իրավիճակը նորից սրվել է, եղան կրակողներ, և նորից ակտիվացան խոսակցությունները, որ ՀԱՊԿ-ը ոչ ի կերպ չի արձագանքում և հարցին՝ ընդհանրապես ի՞նչ դեպքերում կազմակերպությունը պետք է արձագանքի, Կոպիրկինը պատասխանեց, որ պետք է խոսել այն մասին, որ ՀԱՊԿ-ը մեծ դեր է խաղում որպես գործոն, որ իրավիճակը չզարգանա բացասական սցենարով։
«Որ էսկալացիա չի լինի, ես կասեի՝ շատ կարևոր, շատ ծանրակշիռ անվտանգության բարձիկ է։ Բայց իհարկե ՀԱՊԿ-ի շրջանակներում կա ռուս-հայկական երկկողմ փոխգործակցություն անվտանգության ոլորտում։ Կարծում եմ՝ բոլոր այդ գործոնները բավարար ծանրակշիռ են, որպեսզի ապահովեն կայունություն և խաղաղություն»,- շարունակեց դիվանագետը։
Գազի գնի հարցով դեսպանը նշեց, որ պատրաստ չէ այդ թեմայով խոսել, սակայն համոզված էր, որ դա տարաձայնության առիթ չի դառնա հայ-ռուսական հարաբերություններում։
«Ա1+»-ի հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործերին, Կոպիրկինը պատասխանեց, որ Ռուսաստանը շատ նրբանկատ ու հոգատար է վերաբերում Հայաստանի ներսում տեղի ունեցողին։
«Մենք իհարկե հետաքրքրված ենք նրանով, որ այստեղ լինի կայունություն, որպեսզի այստեղ առավելագույնս հնարավոր լինի հանրային փոխզիջումը։ Դե և իհարկե մենք հետաքրքրված ենք ուժերով, որոնք աջակցում են ռուս-հայկական հարաբերություններին, հասկանում ենք ռազմավարական փոխգործակցության կարևորությունը։ Նրանք ծանրակշիռ դեր են խաղացել Հայաստանի ներքաղաքական կյանքում»,- եզրափակեց Սերգեյ Կոպիրկինը։
Մանրամասները՝ տեսանյութում։