Գյուլնարա Քարիմովան իր ազատության դիմաց ավելի քան 680 միլիոն դոլար է առաջարկում
Կոռուպցիոն մեղադրանքներով ազատազրկման դատապարտված Գյուլնարա Քարիմովան, Ուզբեկստանի նախկին նախագահի ավագ դուստրը, առաջարկում է իր ազատության դիմաց պետությանը վերադարձնել 686 միլիոն դոլար: Նրա հաշվին գտնվող այդ գումարը հիմա սառեցված է շվեյցարական բանկերից մեկում:
Գումարի դիմաց իր նկատմամբ քրեական գործը կարճելու խնդրանքով նա նամակով դիմել է Ուզբեկստանի ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոևին: Նամակի տեքստը սոցցանցերում հրապարակել է Գյուլնարա Քարիմովայի քույրը, Լոնդոնում բնակվող Իման Քարիմովան: Նամակում Գյուլնարա Քարիմովան խնդրում է հաշվի առնել նաև իր ընտանեկան ու առողջական վատ վիճակը:
Անցած տարվա մարտից Գյուլնարա Քարիմովան կալանքի տակ է: Ժամանակին նա համարվում էր Ուզբեկստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը և նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելու հավանական թեկնածու: Սակայն դեռ մինչև Իսլամ Քարիմովի մահը, նրա և դստեր հարաբերությունները խիստ վատթարացել էին: