Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ
Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց նախարար Բարտոլոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրան այդ պատասխանատու առաքելության մեջ:
Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված համագործակցության դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել այն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: Որպես երկկողմ փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին կրթության, մշակույթի, առևտրատնտեսական, խելացի գյուղատնտեսության և թափոնների կառավարման ոլորտները:
Քաղաքական երկխոսության առավել խորացման համատեքստում երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և վերջինիս ընձեռած ներուժի լիրաժեք օգտագործման կարևորությունը: Արտգործնախարարները բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Մալթայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:
Նախարարներ Մնացականյանը և Բարտոլոն մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: