Ալկասերը շնչում էր հայերեն. Իսպանիա
Մի կողմից գեղանկարչուհի Անահիտ Սարգսյանի հայաստանյան գեղապատկերներն էին ջերմորեն գրկել դահլիճի պատերը, մյուս կողմից էլ Իրինա Վանյանի յուրօրինակ տիկնիկներն էին ներս հրավիրում այցելուներին։ Իսկ այցելուները ներս մտան հայկական ավանդական բարիգալստյան աղուհացով՝ քաղաքապետ Էվա Սամորայի (Eva Zamora) առաջնորդությամբ կիսելով հայոց օջախի լիությունը խորհրդանշող նշխարները։ Ներս մտնելուն պես, հյուրերը միանգամից հանդիպում են հայկական սովորույթին հատուկ լի սեղանին՝ տոլմա, խորոված, լավաշ, ղափամա, մրգեր, չիր ու չամիչ, գինի, գաթա… Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը քաղաքապետին և իսպանացի ներկաներին հակիրճ էքսկուրսով տարավ դեպի “Հայաստանի խորքերը”՝ ծանոթացնելով մեր բազմադարյա պատմության ու մշակույթի արժեքներին։ Բուն միջոցառման բացման արարողությունը վերապահված էր Ալկասերում միության ներկայացուցիչներ Էդիտա Գրիգորյանին և Էլեն Միքայելյանին, ովքեր հայերեն և իսպաներեն ներկայացրեցին հայ_իսպանական բարեկամության և մշակութային կապերի անցյալն ու ապագա մարտահրավերները։ Վերջիններս Ալկասերի և Արտաշատի քույրացման առաջարկ արեցին քաղաքապետին, ով իր խոսքում ընդունեց մարտահրավերը և խոստացավ շուտով կազմել առաջարկի գործիքակազմը։ Հանդիպման համանախագահ, “Հայ ժողովրդի լավագույն բարեկամ” անվանակարգում մրցանակակիր Սալվադոր Գարսիան հակիրճ ներկայացրեց հայ համայնքի գործունեությունը Վալենսիայի մարզում և Իսպանիայում, իր իսկ նախաձեռնությամբ սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը քաղաքների կողմից, ինչպես նաև իրականացված և իրականացվելիք այլ մշակութային նախաձեռնությունները։ Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց հայկական միությանը՝ մարզում և երկրում շարունակական և անխոնջ աշխատանքի համար, “որը ջանք չի խնայում հավուր պատշաճի ներկայացնել հայոց բազմադարյա մշակույթը իսպանական շրջանակներում”։ Միության նախագահ Արարատ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Ալկասերի քաղաքապետարանին՝ նման հնարավորություն ընձեռելու համար և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական և ավելի լայն աշխարհագրություն կընդգրկի։ Ողջ միջոցառումը, իրենց հիանալի ելույթներով, համեմեցին սաքսոֆոնահարուհի Փարեսա Ասատրյանը, պարուհի Ժենյա Զոհրաբյանը, ասմունքող Գայանե Ղազարյան, երգիչ Էդգար Աբրահամյանը և հայկական կիրակնօրյա դպրոցի դպրոցի սաները՝ ներկաներին հրամցնելով հայ_իսպանական մշակույթի գոհարներ։ Ի թիվս հայ և իսպանացի հյուրերի, հանդիպմանը ներկա էր նաև այս օրերին Իսպանիայում գտնվող Պատվո Հյուպատոսների Միության նախագահ Բաբկեն Սեդրակյանը։ Շնորհիվ Էդիտա Գրիգորյանի և Ալկասերի հայ համայնքի, նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական ոչ միայն Իսպանիայի այս գողտրիկ անկյունում, այլ նաև այլ քաղաքներում ու բնակավայրերում, որտեղ արդեն ավելի քան 20 տարի հայեր են բնակվում։