Ես հիմա խորը դեպրեսիայի մեջ եմ. Էդմոն Մարուքյան

Depresiai mej e

365News.am-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստանը»՝ խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժը, մի կողմ է քաշվելու հարաքվեի քարոզչության ժամանակ։ Ինչու՞։

-Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ մենք մի կողմ ենք քաշվում։

-Երեկ հայտարարեցիք, որ չեք լինելու «ոչ»-ի ճամբարում։

-Հա, ի՞նչ։ «Ոչ»-ի ճամբար․․․ Նայեք, կա գրված խաղ, սցենար, որը իշխանության սցենարն է և ուզում են, որ մենք խաղանք էդ սցենարով։ Մենք չենք խաղալու էդ սցենարով, ինչի մասին և՛ հայտարարեցինք, և՛ կոչ արեցինք, որ ոչ ոք չխաղա։ Դա չի նշանակում, որ մենք պրոցեսների մեջ չենք։ Եթե պրոցեսները գնան այնպես, ինչպես մենք ենք հայտարարել, դուրս կգա, որ մենք գեներացրեցինք էդ պրոցեսը։ Այսինքն՝ «ոչ»-ի ճամբար չլինելու օրակարգը ո՞վ է ձևավորել, ձեզ հարց տամ։ Ո՞վ է ձևավորել։ «Լուսավոր Հայաստա՞նը»։ Մենք ենք ձևավորել, չէ՞։ Հիմա եթե չի ձևավորվել «ոչ»-ի ճամբար, ուրեմն մենք օրակարգ ենք ձևավորել։ Դա նշանակում է մի կո՞ղմ ենք քաշվել։ Մենք ուղղակի մի կողմ ենք քաշվել հակասահմանադրական գործողություններ անելու իմաստով։ Այսինքն՝ «այո» քարզենք, հակասահմանադրական գործողություն ենք անելու, «ոչ» քարոզենք, հակասահմանադրական գործողություն ենք անելու։ Հետևաբար մենք այդ երկու գործողության մեջ էլ մեզ չենք տեսնում։ Կամ ի՞նչ է նշանակում՝ իշխանությունները խորապես հուզված և նեղված են մեզնից, թե մենք ինչու «ոչ» չենք քարոզում։ Իրանց սցենարը փչացել ա։ Ասում են՝ մեր սցենարը փչացրեցիք։ Կներեք, բայց մենք ինչի՞ պետք է «ոչ» քարոզեինք։ Այսինքն, ասենք՝ ոչ, Հրայրը չպե՞տք է գնա։ Դուք հանրաքվեի եք դրել մի հարց, որը մանրախնդրություն է։ Ընդդիմությունը Սերժ Սարգսյանին մեղադրել է նրա մեջ, որ նա Սահմանադրություն էր փոխում, որ ինքը մնա… մի ամբողջ Սահմանադրություն էր փոխում, որ ինքը մնա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ Սահմանադրություն է փոխում, որ մի մարդ գնա։ Կներեք, դուք ինչո՞վ եք տարբերվում։ Ասենք, պետք է չէ՞ լինել ավելի լավը, քան՝ Սերժ Սարգսյանը։ Բայց որտե՞ղ է այդ լավը՝ Սահմանադրությունը փոխել, որ մի մարդ գնա՞, դա՞ է լավը։

-Պարոն Մարուքյան, «Հանրաքվեի մասին» օրենքը նախատեսում է «ոչ»-ի քարոզարշավ, ինչպես և «այո»-ի քարոզարշավ։ Տվյալ դեպքում եթե դուք և ԲՀԿ-ն չկան «ոչ»-ի քարոզարշավում, ինչպե՞ս է իրացվելու օրենքի այդ դրույթը։

-Դա պարտադիր չէ, դա պետք է իշխանության համար, որպեսզի իր քարոզարշավը լավ ստացվի։ Իսկ իրականության մեջ կարող է ոչ մեկն էլ չգրանցվի «ոչ»-ի շտաբում, և որևէ ահասարսուռ բան դրանից տեղի չի ունենա։ Թող գնան ասեն՝ այո, այո, այո։ Եվ ի՞նչ։ Այո։ Ի՞նչն է խանգարում, որ միայն «այո» ասեն։ Հանրաքվեն այնպիսի լոզունգներ ունի, որ դրա «ոչ»-ը ո՞րն է։ Բոլորը պետք է լինեն երջանիկ։ Դա «այո»-ն է, օրինակ։ Հիմա եթե ասես ոչ, նշանակում է, որ դու դեմ ես, որ բոլորը լինեն երջանիկ։ Էդ ի՞նչ լոզունգներ են։ Բոլորը թող լինեն երջանիկ։ Գնացեք, եղեք երջանիկ, ի՞նչ եք ուզում մեզանից։ Էդ ո՞վ պետք է դուրս գա դրա դեմ, ասի՝ ոչ, բոլորը չպետք է լինեն երջանիկ։

-Դուք ասում եք, որ հակասահմանադրական է։ Դա ի՞նչ է նշանակում, որ ինչ-որ ժամանակ հետո դա պետք է դրվի քննությա՞ն, նոր ՍԴ-ն քննելո՞ւ է այս հանրաքվեի սահմանադրականությունը։

-Պարզ է, ՍԴ կգնան մարդիկ, որոնք այս իշխանության սպասարկուներն են, այս իշխանության իրավաբաններն են, և հետո մի օր կլինի իշխանափոխություն, նոր իշխանությունը կգա, կցրի էդ ՍԴ-ն։ Նույն ճանապարհով։ Եվ էդպես Հայաստանը նույն ցիկլերը կապրի։

-Եթե դուք գաք իշխանության, դուք կցրե՞ք այդ ՍԴ-ն։

-Մենք որ գանք իշխանության, հաստատ կնայենք դա, որովհետև մենք եթե գանք իշանության, պիտի տեսնենք՝ էս դատավորները ո՞նց են ընտրվել։ Հակասահմանադրական ճանապարհով են ընտրվե՞լ, չէ՞, ուրեմն պետք է վերանայել։

-Ինքնին հակասամանադրակա՞ն է դառնում նրանց ընտրությունը հանրաքվեից հետո։

-Բա ի՞նչ է։ Որովհետև էն մյուս դատավորները (հեռացածները-Մ․ Ա․) մտնելու են դատարան, վերականգնվեն, նաև Եվրոդատարան։ Եվրոդատարանը պարտադիր որոշում ունի, որը պարտադիր է Հայաստանի համար՝ որ չես կարող դատավորին հանել այդպես։ Այսինքն, ես չեմ կարող ասել, որ մենք գանք իշխանության ինչ կանենք։ Ես չգիտեմ՝ վերջին հաշվով ինչ դատարան է ձևավորվելու, ես չգիտեմ ինչ է լինելու հանրաքվեն ընդհանրապես։ Եթե, եթե, եթե է։ Բայց ասում եմ ձեզ՝ սա հիմք է, որ երբ մեկը գա իշխանության, ասի՝ ժողովրդի կամքով ձևավորվել է նոր խորհրդարան, բայց դատավորն էլ նույնն է մնացել, հետևաբար պետք է փոխել։

-Պարոն Մարուքյան, երեկվա ձեր ասուլիսում դուք ասացիք, որ ինքնասիրահարված չեք և միակ ընդդիմադիր ուժը չեք։

-Դե հա, դա մեր գիծը չէ, որ մենք միակն ենք. մենք միակը չենք, բայց մենք, կարծում եմ՝ առաջինն ենք։

-2018-ի դեկտեմբերին, երբ մտաք խորհրդարան, ձեզ հայտարարեցիք միակ ընդդիմադիր ուժ։ Ի՞նչ է փոխվել այս ընթացքում։

-Ես չեմ հիշում, որ այն ժամաակ էլ ենք ասել, որ միակն ենք։ Ես հիշում եմ, որ ՔՊ-ն ասում էր, որ մենք միակ ընդդիմությունն  ենք, բայց ես չեմ հշում, որ ես դա ասած լինեմ, կամ «Լուսավոր Հայաստանն» ասած լինի։ Մենք գուցե ասել ենք, որ միակ խորհրդարանական ընդդիմությունն ենք․․․

-Ահա, հենց այդպես էլ ասել եք։

-Դե դա ուրիշ բան։ Բայց արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր միշտ էլ եղել են, կան ու լինելու են։ մենք ամբիցիա չունենք, որ բոլորի տեղն ասենք մենք միակ ընդդիմությունն ենք։ Գիտե՞ք, այդ ամբողջատիրական մտածողություն է, երբ դու ուզում ես ամեն ինչում լինել միակը… վերջին հաշվով, քաղաքականություն նշանակում է այլակարծություն, այլ կարծիքների բախում, քննարկում, մրցակցություն։ Հիմա էդ մրցակցության մեջ դու ո՞նց կարող ես լինլ միակը։ Ուրիշ կարծիքներ միշտ կան, չէ՞։ Հիմա մի բան ասեմ։ Ի՞նչ է կատարվում այս օրերին «Լուսավոր Հայաստանի» հետ, այս հակաքարոզչությունը որ գնում է։ Տարբեր իշխանական, յութուբյան ալիքներով տեսանյութեր են պատրաստում, ընդ որում բավականին գումար է ծախսվում դրա վրա մեր դեմ՝ կեսը՝ սուտ, կեսը՝ կիսասուտ, կեսը՝ մանիպուլացված ինֆորմացիաներով, ու քարոզչություն է գնում։ Մի հարց է հետաքրքիր՝ ինչի՞ համար։ Որ մենք համաձայն չե՞նք։ Մենք ինչու՞ ենք հիմա հետապնդվում՝ մի բանի համար, որ մենք համաձայն չենք։ Ինչու՞։ Իշխանությունը հարյուր բան է անում, հարյուր բանից մեկի հետ համաձայն չենք, դրա համար մեզ հետ վարվում են այս կերպ։ Ասում են՝ «Օրինաց երկիր» և այլն։ Սա ի՞նչ է։ Սա ժողովրդավարական մտածողության հետևա՞նք է։ Ես պնդում եմ, որ ոչ։

-Հավանաբար, հեղափոխությունը կորցնելու վախից է այդ ընդդիմախոսությունը ձեր դեմ։

-Ո՞վ է նրանցից խլում։ Իրենք տեսնում են, որ մենք հստակ այլընտրանք ենք։ Դա այլ բան է, բայց «օքեյ»։ Այլընտրանքը չհանդուրժելը ժողովրդավարական մեթոդաբանությու՞ն է, թե ոչ։ Այլընտրանքին անվանել հակապետական ուժ՝ ժողորդավարական լիդերի խոսքե՞ր են, թե՞ ոչ։ Ես էլ ասում եմ՝ սա ամբողջատիրական լիդերի խոսքեր են։ Եվ ես պետք է ձեզ ասեմ, որ էս առումով շատ տխուր եմ, որովհետև դուրս է գալիս, որ ես ինքս խաբված եմ։ Ինչու՞։ Որովհետև ես հավատացել եմ, որ իշխանությունն իր մտածողությամբ ժողովրդավար է։ Ես խաբված եմ՝ լինելով ընդդիմություն: Ես հո իրենց մեջ չե՞մ: Հավատում էի այս իշխանության ժողովրդավար բնույթին։ Ես հիմա խորը դեպրեսիայի մեջ եմ։ Ոչ թե այն բանի համար, որ ես մի բան եմ ասում ու ինձ հետ համաձայն չեն։ Ոչ։ Նրա համար, որ իմ կամ մեր չհամաձայնվելու, մեր տարբեր լինելու համար մենք կարող ենք հետապնդվել։ Իսկ հետապնդվել ասելով՝ մենք ի՞նչ ենք հասկանում։ Հիմա գան ինձ կալանավորեն, ես ավելի քիչ կտանջվեմ, քան էն պատճառով, ինչ էս օրերին մեզ հետ տեղի է ունենում, քան էն պատճառով, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ։ Գոնե կիմանամ կալանավորել են ինձ։

-Այդ հարվածները ԲՀԿ-ի ուղղությամբ չկա՞ն։

-Չէ, ընդհանրապես։ Կան էն ուղղությամբ, որ ուղղությամբ կա դիմադրություն։ Դիմադրություն որտեղի՞ց կա էսօր։ Էսօր ո՞վ կանգնեց Նիկոլ Փաշինյանին ասեց՝ ախպեր ջան, դու էստեղ սխալ բաներ ես ասում։ Եվ սա է այս ամենի արդյունքը՝ ինչ-որ ալեններ, ինչ-որ բաներ «քըս», «ֆաս» հրամանով հարձակվել են մեր վրա, որ ի՞նչ անեն։ Ասենք, իրենք իրենց անցած ուղին են վիճարկում։ Սրա մեջ ես մեծ անբարոյականություն եմ տեսնում։ Երբ դու մի մարդու մեղադրում ես մի բանի մեջ, որն ինքդ էլ հարյուր տոկոս գիտես, որ այդպես չէ, դա, կարծում եմ, անբարոյականություն է։ Ամեն ինչ սահման ունի, չափ ունի, բայց միշտ մտածել եմ, որ ինչ-որ տեղ կա, որ պետք է կանգ առնել, տեղ կա, որտեղ կարմիր գիծ է գծած։ Այս իշխանությունը կարմիր գիծ չունի, չկա կարմիր գիծ։ Բա լավ, կարմիր գիծ չունեցող մարդկանց հետ ի՞նչ լեզով խոսենք։ Այսինքն, եթե ես հիասթափվել եմ և էդ հիասթափությունը ես ունեմ, ես գիտեմ, որ վաղ թե ուշ, կլինի մի տարուց, թե երկու տարուց, խորը հիասթափություն է սպասվում շատ շատերին։ Ես ինչու՞ եմ շուտ հիասթափվել։ Որովհետև ես կարողանում եմ ինչ-որ բաներ մյուսներից ավելի արագ տեսնել։ Էն մյուսներն ավելի ուշ կտեսնեն, բայց ես չեմ ուզում այդ հիասթափությունը լինի։

-Այսինքն, իշխանությունը դիտավորյա՞լ է դա անում, թե՞ ուղղակի վատ է տեսնում։

-Չէ, ինքը ցույց է տալիս իր բնույթը, ինքը ոչինչ դիտավորյալ չի անում։ Ինքը էնպիսին է, ինչպիսին կա։

-Ինքը դավաճանել է իր արժեքների՞ն:

-Միանշանակ է դավաճանել։ Այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանի համակարգը պետք է փոխվի, գալիս ես ու փոխում ես Սերժ Սարգսյանի համակարգի մի հատ բոլտ։ Մի հատ գայկա՞ ես ուզում փոխես, հա՞։ Պտուտա՞կ ես եկել փոխելու։ Մենք քեզ ենք բերել, մենք քեզ վարչապետ չենք ընտրել, որ դու պտուտակը փոխես։ Մենք քեզ բերել են, որ դու մի ամբողջ մեխանիզմ փոխես։ Դու մեխանիզմը չես ուզում փոխել, դու մեխանիզմի վրա նստել ես, ասում ես՝ այ էն պտուտակը դուրս չի գալիս, հանեք, իմ պտուտակը դրեք։ Դե կներես։ Սերժ Սարգսյանը վատն էր, որովհետև իր մնալու համար մի ամբողջ Սահմանադրություն էր փոխում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ Սահմանադրություն է փոխում մի մարդ հանելու համար։ Երկուս ու կես միլիոն մարդ ուղարկում է տեղամաս, որ մի մարդ հանի։

-Ի՞նչ եք կանխատեսում, «այո»-ն կհաղթի՞։

-Չեմ կարող ասել։

-Հրայր Թովմասյանին հանելու հարցը 650 հազար հոգու կտանի՞ տեղամասեր «այո» ասելու համար:

-Էդ հարցը չի տանելու, տանելու է սուր հակադրությունը։ Հիմա հարց է, թե ում հետ են հակադրվելու։ Մեզ կորցրեցին որպես հակադրություն՝ չնայած դեռ շարունակում են խփել, փչացնել իրենց հավատով, բայց մարդկանց տեղամաս կարող է տանել, պրոցեսը ստիմուլացնել կարող է ուժեղ «ոչ»-ի ճամբարը։ Բայց քանի որ ուժեղ «ոչ»-ի ճամբար չի լինելու, հետևաբար պրոբլեմ է մարդկանց մոտիվացնել, տանել ընտրական տեղամասեր։ Մոտիվացնելու ես ինչո՞վ։ Հիմա պատկերացնում եք, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում գիտակցել, որ ինքն այլևս վարչապետ չէ, որն ունի փոքրամասնություն խորհրարանում, ինքը վարչապետ է, որն ունի տոտալ մեծամասնություն, և ինքն այլևս ընդդիմադիր գործիչ չէ։ Որ գնա գյուղեր, քարոզ անի, մարդիկ ասելու են՝ թոշակս բարձրացրու, նպաստս ո՞ւր է, ինչու՞ ես ուզում, որ ես իմ անասունները տանեմ սպանդանոց, հիվանդանոցում պրոբլեմ ունեմ, խնդիր ունեմ անձնագրայինում, այնպես արա, որ զինվորները ինքնասպանություն չգործեն, կամ սպանություն չլինի բանակում։ Հազար ու մի բան։ Մարդիկ հո չե՞ն լսելու, թե ինչ է պատմում Սերժ Սարգսյանից։ Մարդիկ հոգնել են։ Նրանք գիտեն, որ Սերժ Սարգսյանը վատն է։ Կամ էլ ելույթ ունենաս, ասես՝ թալանչիները։ Թալանչի են, բռնեք, ընկեր, բռնեք, ախպեր, բա ինչի՞ չեք բռնել։ Այսինքն, էս հեքիաթներից հոգնել ենք, հավես էլ չկա լսելու։ Հետևաբար, շատ դժվար քարոզարշավ է սպասվում, բայց ես չեմ թերագնահատում իշխանություններին։ Նաև մտածում եմ, որ տարածքային կառավարման նախարարի՝ շտաբի պետ նշանակվելն ունի իմաստ, որ բոլոր մարզպետները, բոլոր գյուղապետերը ենթարկվելու են այդ պրոցեսին։

-Այսինքն, օգտագործվելու են ռեսուրսներ։

-Հա, միանշանակ օգտագործվելու են վարչական ռեսուրսներ, ինքն էլ անձամբ դուրս է գալու քարոզարշավ անի, ուստի ես համոզմունք չունեմ, որ «այո»-ն չի անցնի։ Անցնելու հետ կապված պատրանքներ չունեմ։ Ուզում է անցնի, ուզում է չանցնի։ Իրենք իրենց «այո»-ն։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Ձեզ կեհաքրքրի...