Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա եւ ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում.

Arcakhi joghovurdy

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա եւ ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում օրերս կայացած խորհրդարանական ընտրություններին:

Հարց. Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, եւ արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է նաեւ, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաեւ ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձեւավորումը եւ ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման եւ բարգավաճման շահերից:

Մենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում եւ դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ եւս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին եւ կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձեւավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա եւ ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին եւ Ազգային ժողովի պատգամավորներին»:

 

 

 

 

 

 

news.am

Ձեզ կեհաքրքրի...