Ցմահ դատապարտյալներին 15 տարվա ազատազրկումից հետո հնարավոր կլինի ներում շնորհել.
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացություն է ստացել Կառավարության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով փոփոխություն է առաջարկվում «Ներման մասին» օրենքում:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է, որ նախագիծը կնպաստի ներում շնորհելու ինստիտուտն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելուն, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությանը: Գործող կարգավորումների համաձայն կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ դատապարտյալը ներկայացնում է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվում օրենքով նախատեսված այլ հիմքով: Այս պարագայում ներման խնդրագրի ճակատագիրը մնում է չլուծված: Գալյանը նշել է, որ սահմանվել է օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված հստակ ժամկետ, որով ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը կներկայացվի նախարարություն: Ժամկետը սահմանվել է 10 օր: Նաև սահմանվել է ժամկետ՝ անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու:
«Ներկայիս սեղմ ժամկետների փոխարեն, որոնք միշտ գործնականում խախտվում են, սահմանվել է 45-օրյա ժամկետ: Ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների հստակ պաշտպանության մեխանիզմ: Առանձնապես ծանր հանցագործներից տուժողներին կամ նրանց իրավահաջորդներին անհրաժեշտ է մինչև հանձնաժողովի նիստը կայանալը ծանուցել նիստի մասին: Նախատեսվում է նրանց հնարավորություն ընձեռել գրավոր ձևով ներկայացնել իրենց կարծիքը»,- ընդգծել է Գալյանը:
Նախագծով նախատեսվել է նաև որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ավելի վաղ ժամկետներում ներում շնորհելու հնարավորության ընթացակարգ: Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի օրենքով սահմանված մասի կեսը: Ցմահ դատապարտյալների համար սահմանվել է, որ ներում կարող է շնորհվել, եթե նրանք կրել են ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին: