Սա վիրավորանք է իմ հասցեին, սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին. վարչապետ
Երեկ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Մի կողմից՝ սա տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տխուր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի ներքո ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարացնել՝ կեղտոտ գործարքի համար: Վիրավորական է, որ ՀՀ դրոշի եւ զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք ու վարչապետին միջնորդություն ներկայացնել՝ այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու համար:
Սա վիրավորանք է իմ հասցեին, սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին, սա վիրավորանք է 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին: Ես կարծում եմ, որ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:
Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար որեւէ մեկը, որը կասկածում էր կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին ու վճռականությանը, հույս ունեմ՝ այդ մարդիկ հասկացան՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել: Ու եթե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, ես խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետեւից անպայմանորեն ու անխուսափելիորեն գնալու ենք:
Այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այսինքն՝ այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանքներ ներկրելուն՝ առանց որեւէ մաքսային ձեւակերպման: Այսինքն՝ մեքենաները եկել եւ ուղղակի անցել են մաքսային սահմանով:
Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է: Ես զարմանում եմ այդ մարդկանց եւ նրանց տրամաբանության վրա: Տպավորություն է, թե այդ մարդիկ ՀՀ-ում հեռուստացույց չեն դիտում, սոցիալական ցանցերին չեն հետեւում, լուրերին չեն հետեւում: Եթե որեւէ մեկին թվում է, թե մենք այստեղ հրապարակային՝ տեսախցիկների առաջ, մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ենք բոլորովին ուրիշ բան, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Եվ ուզում եմ կրկնել, որ մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու ՀՀ-ից: Եվ մեր այս կամքին թող որեւէ մեկը չկասկածի: Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ՝ կճաշակեն այդ կասկածի ամենադառը պտուղները»,- ասաց վարչապետը: