Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է.

Serj Sargsyani gorcov nakhaqnnutyuny avartvel e

Վատնման եղանակով մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց. «Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»:

Օհանջանյանը հայտնեց նաեւ, որ նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են եւս չորս անձ:

Նրանցից մեկը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Ֆլեշ»ի Բարսեղ անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է: Մյուսը, մեր տեղեկություններով, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է: Մեղադրյալներից երկուսն էլ  Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակիցներ են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվելմեկ օր անց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար): Նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դեկտեմբերի 12-ին հայտնել էինք նաեւ, որ Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են: Առերես հարցաքննություն տեղի էր ունեցել նաեւ Սերգո Կարապետյանի եւ Բարսեղ Բեգլարյանի միջեւ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը հենց Սերգո Կարապետյանն է:

 

Միլենա Խաչիկյան

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...