Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են «բուպրենորֆին» թմրամիջոցի հաբեր
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։
«Իրականացված միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ. Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 516 դեղահաբ, որոնք միախառնված են եղել կոնֆետների հետ», – ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնությանն հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կ. Հ.-ն և ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ն ձերբակալվել են: