Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին. այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի տարեդարձն է ՝ 85-ամյակը
«Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ». տարիներ առաջ ասել էր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանը: Այսօր նրա տարեդարձն է՝ 85-ամյակը: Լռության մեջ ամեն բան ավելի լավ է լսվում: Երբ բոլորը խոսում են, աղմուկը խանգարում է լսել, հասկանալ ու տարբերակել արժեքավորն ու անարժեքը:
Լռությունը զորավոր է, իսկ խոսքն արժեքավոր լռության մեջ: Կառլեն Եսայանի մասին երկար կարող են պատմել նրա հետ տասնամյակներ աշխատած բժիշկներն ու այդ աշխարհի ներկայացուցիչները, հարազատ գյուղի մանկության ու պատանեկության ընկերները, մտավորականության այն ներկայացուցիչները, որոնց հետ ընկերություն է արել Եսայանը, ի վերջո՝ ընտանիքի անդամները:
Այդ պատմությունները հիմնականում ճանաչողական են, որովհետեւ հենց դրա միջոցով ես կարողանում բացահայտել Կառլեն Եսայան մարդուն: Բարի, ազնվագույն, իր գործի գիտակ այդ համեստ մարդն այսօր ծնվել է, եւ ինչպես ինքն է սիրել ասել ու պատգամել իրեն ճանաչողներին՝ ինձ բացակա չդնեք, այդպես էլ պետք է անենք: Եսայանն իր ծնունդով այսօր ապրեցնում է իր գյուղին ու համայնքին կյանք տված բարեգործությունների շղթայում: Ապրում է իր կոլեկտիվին բարեկեցիկ ու արժանապատիվ աշխատանքային պայմաններով ապահովելու, հազարավոր քաղաքացիներին որակյալ բուժօգնություն տրամադրելու փաստերով:
Ու ամեն անգամ մարդկանց հայացքը երկինք է դառնում, երբ Երևանում, դրանից դուրս ու Արցախում մի խաչքարի, հուշակոթողի ու արժեքներ հավերժացնող կոթողի է հանդիպում, որովհետեւ էլի Կառլեն Եսայանի անվանն է հանդիպում:
Մենք ապրել ու աշխատել ենք մարդկանց կողքին՝ հաճախ չնկատելով, որ նրանք ուրիշ են: Իսկ նրանք երբեք չեն խոսել ու չեն աղմկել, ինչպես Կառլեն Եսայանը: Ապրել են, գործել, դաստիարակել, արարել, ընկերություն արել, տխրել ու ոգևորվել լուռ, համեստ ու անսահման նվիրումով: Այսօրվա հոբելյարը մարդ է, որին մենք հաճախ ենք անդրադարձել, ավաղ նրա երկրային ճամփորդությունից հետո միայն:
Այս կարճ շնորհավորանքը փոքրիկ տուրքն է մեծ հայորդուն: 85 տարի առաջ այս օրը ծնվել է Կառլեն Եսայանը, որի ողջ կյանքը օրինակ է՝ ինչպիսին պետք է լինի մարդը, քաղաքացին, մասնագետը, հայրը, ամուսինն ու ընկերը:
Շնորհավոր!