ՔԿՀ-ներում առանձին ծառայությունների դիմաց գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր. Արթուր Գոյունյան

Gumar e gandzvel qreakataroghakan himnarknerum

«Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահման համար, իսկ ներկայումս դատապարտված եւ կալանավորված անձանց ընդհանուր թիվը 2230-ի սահմաններում է, որից 1028-ը կալանավոր են, իսկ 1202-ը՝ դատապարտյալ»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը՝ նշելով, որ այդպիսով կարելի է լուծված համարել համակարգում տարիներ շարունակ եղած խնդիրներից մեկը՝ գերբեռնվածությունը:

Արթուր Գոյունյանը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2019 թվականի հուլիսի 11-ից. «Պետի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացել եմ Արդարադատության նախարարից, իմ առջեւ պահանջ է դրվել համակարգում իրականացնել արմատական բարեփոխումներ՝ պահման պայմանների էական բարելավում, սննդի որակի բարձրացում, բժշկական ծառայությունների, կարգապահության բարձրացում, բացառել ցանկացած կոռուպցիոն դրսեւորում, պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, եւ ես համաձայնել եմ իմ բազմամյա փոձը ծառայեցնել նշված նպատակներին»:

Գոյունյանը ընդգծեց, որ ցանկանում է փարատել կասկածները, թե ինքը կարող է որեւէ մեկի «մարդը» լինել. «Ասեմ, որ իմ նախկին պաշտոնները կամ փորձը որեւէ ազդեցություն չունեն եւ չեն կարող ունենալ իմ ներկա գործունեության վրա, ես ոչ մեկի «մարդ»-ը չեմ եղել, գործի մարդ եմ, երբեք կաշկանդվածություն չեմ ունեցել եւ չեմ էլ կարող ունենալ, իմ բնույթով այդպիսին չեմ, եւ չեմ էլ կարծում, թե հիսուն տարին բոլորած անձը կարող է կտրուկ փոխվել, այն էլ՝ դեպի բացասական»:

Համակարգում առկա հիմնախնդիրները Քրեակատարողական ծառայության պետը պայմանականորեն բաժանեց երկու խմբի. «Առաջինը՝ ՔԿ ծառայողների կողմից ծառայությունը կատարելու օրենսդրական կարգը պարբերաբար խախտելն է, երկրորդը՝ կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից պատժի կրումը սահմանող օրենսդրության պահանջները պարբերաբար խախտելը: Սրանք հիմնականում համակցվել են կոռուպցիոն, հաճախ նաեւ՝ շղթայական դրսեւորումներով»: Ըստ ՔԿԾ պետի՝ դրա ապացույցներից են վերջին ժամանակներում կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ մի շարք քրեական գործերի հարուցումը, ինչպես նաեւ՝ ներկա եւ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը:

ՔԿՎ պետի խոսքով՝ ինքն առաջին իսկ օրից ազդարարել է, որ դեմ է, այսպես կոչված, գաղութային արատավոր ավանդույթներին եւ անձամբ հետամուտ է լինելու, որ պետական միջոցների անարդյունավետ ծախսման ռիսկերը արժանանան համապատասխան արձագանքի եւ պատժի. «Ինձ էլ են լուրեր հասել, որ ՔԿՀ-ներում առանձին ծառայությունների համար սահմանված են եղել եւ գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր, այսպես կոչված, ստավկաներ, օրինակ՝ սահմանված հասանելիք տեսակցությունից ավել կարճ տեսակցության համար գանձվել է 100 ԱՄՆ դոլար, երկարի համար՝ 300 դոլար, հանձնուքի համար՝ 100 դոլար, դրույքաչափեր են եղել նաեւ մարմնավաճառների ծառայությունների համար, որը արժեցել է 300 դոլար, իսկ ունեւոր խավի համար՝ մինչեւ 1000 դոլար»:

Մշտապես շոշափվող հաջորդ թեման, ըստ ՔԿԾ պետի, եղել է, այսպես կոչված, «զոն նայողներ»-ի ինստիտուտը. «Նրանք եղել են հիմնական եղանակ ստեծողները, դրության տերը, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները եւ կոռուպցիոն սխեմաներ ապահովողները, այդ կատեգորիայի համար բացահայտ ապահովված են եղել կենցաղի, սնունդի, ազատ տեղաշարժման, հանգստի լավագույն եւ արտոնյալ պայմաններ: Այդ ամենը արդեն անցյալում է, եւ ոչ ոք չպետք է հույս փայփայի, որ վերադարձ կլինի նման բարքերին»,-ասաց Արթուր Գոյունյանը՝ հավաստիացնելով, որ ՔԿՀ-ներում չպիտի լինեն ազատությունից զրկված անձինք, որոնք կունենան արտոնյալ պայմաններ:

Գոյունյանը նշեց նաեւ, որ քրեակատարողական ծառայությունը ներկայումս բաղկացած է 2183 հատիքային միավորից, որից 200-ը կենտրոնական մարմնում են, մնացած 1983-ը՝ ՔԿՀ-ներում, իսկ 140 հաստիք էլ այս պահի թափուր է:

 

Միլենա Խաչիկյան

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...