«Էրեբունի» թանգարանի տարածքը կընդարձակվի.
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով: Ծրագրի իրականացման համար նվիրաբերություն կկատարի «Ջոն եւ Սոսի Բալյան հիմնադրամը»: Երեւանի ավագանին հավանություն տվեց 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Ջոն եւ Սոսի Բալյան հիմնադրամի» միջեւ կնքված համագործակցության պայմանագրին:
«Ջոն եւ Սոսի Բալյան հիմնադրամը» մտադիր է նվիրաբերություն կատարել ծրագրի իրականացման համար հետեւյալ պայմաններով. թանգարանի ծրագրի համար հատկացված գումարի չափը չպետք է գերազանցի 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ընդ որում մոտ 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը կուղղվի շինարարությանը, իսկ 350 000 ԱՄՆ դոլարը՝ ծառայությունների կազմակերպմանն ու հագեցվածությանը (ճարտարապետական դիզայն, AR/VR ցուցասրահ, ծրագրի կառավարմում եւ այլ չնախատեսված ծախսեր):
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ընդարձակումը նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով կկատարվի ոչ պակաս 3000 քմ մակերեսով հողամասի վրա:
Նպատակն է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ընդարձակել նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով: Հնարավորինս օգտագործելով գոյություն ունեցող ենթակառուցվածքը, կբարելավվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից տպավորությունը, ստեղծելով ցուցահանդեսային տարածքներ, որոնք նորագույն տեխնոլոգիաներով եւ AR/VR կլինեն ընկալման հնարավորություններով հագեցված: