Ոստիկանությունը պարզել է զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը. նրան բաժնում լսել են
Մոտ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը տաքսու վարորդը զբոսաշրջիկին օդանավակայանից Երեւանի կենտրոն՝ ավելի կոնկրետ «Մարիոթ» հյուրանոց հասցնելու համար 34 հազար դրամ է վերցրել ։
Դեպքի մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը: Զբոսաշրջիկն այս մասին պատմել է Մանուկյանի ընկերոջը: Գրառմանը կից Մանուկյանը հրապարակել էր նաեւ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի տաքսի ծառայության կտրոնը՝ 34,000 դրամ գումարային նշումով: Նա նաեւ տեղեկացրել էր, որ տաքսին ինչ-որ պատահական մեքենա չի եղել, այլ՝ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից:
Մանուկյանի այս գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց, շատերը նշում էին, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Զվարթնոց» օդանավակայանից Երեւանի ցանկացած հատված հասնելու համար տաքսու վարորդները ուղեւորից եւ հատկապես զբոսաշրջիկներից տասնյակ անգամ ավելի շատ գումար են պահանջում, քան կարող է գրել հաշվիչը: ՀՀ զբոսաշրջության կոմիտեն թեեւ տեղյակ է դեպքից, սակայն չեն կարող ինչ-որ գործողություններ իրականացնել, քանի որ օրենքով նման լիազորություններ չունեն: Մեր հարցին, թե ի՞նչ միջոցեր է ձեռնարկում կոմիտեն այս խնդիրները վերացնելու համար, այսպես պատասխանեցին Զբոսաշրջության կոմիտեից:
«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն «Հետք»-ի փոխանցմամբ հիմնադրվել է 2016թ. հունվարի 22-ին՝ Արգեն Գեղամյանի կողմից: 2017թ-ի նոյեմբերի 2-ից Սերվիս ընկերության միակ բաժնետերը եւ տնօրենը երեւանաբնակ Սուրեն Երեմյանն է: Վերջինս Երեւանի ավագանու նախկին անդամ ՀՀԿ-ական Արմեն Երեմյանի եղբայրն է:
Զբոսաշրջիկին տրամադրած կտրոնի վրա երկու հեռախոսահամար է նշված, որոնցից մեկը գոյություն չունի, իսկ մյուս համարին պատասխանողն ասաց, որ Սերվիսի հետ կապ չունի եւ որ այս համարը մի քանի ամիս առաջ է գնել:
Թեեւ ոստիկանությունում որեւէ մեկը այս դեպքով բողոք, հաղորդում չի ներկայացրել, սակայն հրապարակումը իրավապահներն ուսումնասիրում են: Մեր տեղեկություններով, այսօր ոստիկաններին հաջողվել է ճշտել զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ վարորդին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում լսել են: «Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հավելեցին ոստիկանությունից: Նշենք, որ տաքսու վարորդից «խաբված» զբոսաշրջիկը մեկնել է Հայաստանից:
Դեպքին է անդրադարձել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը՝ հերքելով «Աէրոպորտ Սերվիս» տաքսիի առնչությունն իրենց հետ: Ըստ այդմ՝ նշվել է, որ իրենց միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է եւ կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին եւ դիմել պատկան մարմիններին`խնդրով զբաղվել եւ կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտել»,- գրել է օդանավակայանը:
ՀԺ-ին օդանավակայանից փոխանցեցին, որ տաքսիները կայանված են լինում հանրային վայրում եւ իրենք իրավասություն չունեն ինչ-որ քայլեր ձեռնարկելու: