Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին

Картинки по запросу arayik harutyunyan

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատական հայց է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեմ: Հայրապետյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ամիսներ առաջ իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը, ինչպես նաեւ այդ հանձնաժողովի եզրակացությունը, քանի որ, ռեկտորի նախկին պաշտոնակատարի խոսքով, մեծ անարդարություն է տեղի ունեցել:

Ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ հանձնաժողովի կայացրած եզրակացությունը՝ նշելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից եւ հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։

Հայրապետյանը կատարվածն օրենքից դուրս համարեց, նրա կարծիքով՝ շատերի համար է պարզ, թե իր նկատմամբ ինչ է կատարվել, այժմ դատական գործընթաց են սկսել, որպեսզի ոչ միայն իր բովանդակային մեկնաբանություններով ամեն ինչ հաստատվի, այլեւ դատարանի կողմից:

«Առանց որեւէ իրավական կարգավորման ստեղծվում է մի անհասկանալի հանձնաժողով, որտեղ ներառվում են մարդիկ, ովքեր շահերի ակնհայտ բախում ունեն, ընդհուպ՝ մինչեւ մարդ, ում ընտանիքի անդամը չէր հաղթահարել մրցույթը համալսարանում»,- ասաց ՀՊՏՀ նախկին ղեկավարը՝ հավելելով, որ հասկանալի չէ, թե ինչպիսի իրավական գործընթացով է կարգավորվել անդամների ընտրությունը, բայց այդ մարդիկ ակնհայտ բացասաբար էին տրամադրված իր նկատմամբ:

Թեեւ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարի կարծիքով՝ հանձնաժողովի եզրակացությունը ոչ մի իրավական ուժ չունի եւ չի կարող ազդել իր գիտական աստիճանի վրա, սակայն առնվազն իր համբավի առումով հետեւանք ունեցել է: Նրա խոսքով՝ ներկայացված եզրակացությունում օրենքին անհայտ տերմիններով են նշել տեսական հատվածում առկա խնդիրները, որոնք ինքը մեկնաբանել է:

Իր կատարած աշխատանքը նախկին համակարգում սակավաթիվ իրական հետազոտություններից է համարում, սակայն համաձայն է, որ ատենախոսության տեսական հատվածում եղել են հղումների հետ կապված խնդիրներ, որոնք ինքն ընդունել ու դրանց մասին խոսել է:

«Դա նախկին համակարգի անորոշ ու ոչ հստակ, շատ դեպքերում բացակայող պահանջների հետեւանք է, եւ նախ եւ առաջ պահանջները պետք էր փոխել, հստակեցնել, հետո նոր դրանց մասին խոսել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ գրագողության մասին խոսելն  ընդհանրապես ընդունելի չէ, երբ մեր առկա օրենսդրությամբ կարգավորված չէ «գրագողություն» հասկացությունը:

Անդրադառնալով եզրակացությունում առկա «գրագողություն» եւ «անբարեխղճություն» արտահայտություններին՝ նշեց, որ մարդիկ իրենց կամայական ենթադրություններով, առանց որեւէ հստակ կարգավորումների, սկսել են տարբեր բառերով պիտակավորումներ անել:

Խոստովանեց՝ դատական գործ միգուցե չսկսեր, եթե մտածեր, որ մարդիկ ընդամենը սխալվել են իր ատենախոսության հարցով, սակայն նա այդ օրերին ստեղծված իրավիճակը կեղծ աղմուկ անվանեց, հետեւաբար, գործընթացը տանելու է մինչեւ վերջ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2018 թ. դեկտեմբերի 28-ին եւ ամիսներ անց ազատման դիմում էր ներկայացրել՝ ատենախոսության շուրջ առաջացած աղմուկից հետո: Մինչ այդ նա հանդիպել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ եւ փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Հայրապետյանը կհեռանա պաշտոնից:

Անի Ավագյան

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...