Պարզվել է աղմկահարույց տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը․ ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Ըստ ՀՔԾ խոսնակի՝ պարզվել է նաև, թե դեպքը երբ է տեղի ունեցել: Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ: Այլ մանրամասներ Օհանջանյանն առայժմ չփոխանցեց՝ խոստանալով ընթացքում տալ լրացուցիչ տեղեկություն։ Անցած ամիս համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ, հիշեցնենք, քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»։ Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Տեսանյութի հրապարակումից մեկ օր անց ծառայողական քննության շրջանակում ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ աղմկահարույց տեսանյութը արվել է շուրջ 10 տարի առաջ: