Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ. քաղաքացիների հետ հանցավոր համաձայնության արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս

Картинки по запросу в наручниках

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, նյութական շահագրգռվածության դիմաց հավաքագրել են ՀՀ քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր: Յուրաքանչյուր քաղաքացուն խոստանալով և վճարելով շուրջ 10.000 ՀՀ դրամ վարձավճար՝ վերոհիշյալ անձինք Թուրքիայի Հանրապետությունից իրականում ձեռնարկատիրական նպատակներով պատվիրված և ստացված ապրանքների մեծածավալ առևտրային խմբաքանակները տարանցիկ երկրում՝ Վրաստանում, բեռնավորել են իբրև թե տուրիստական տրանսպորտային միջոցներում և կցել նույն քաղաքացիներին: Այնուհետև նշված եղանակով ապրանքները ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետով տեղափոխվել են Հայաստան, մաքսային կետում հայտարարագրվել որպես այդ քաղաքացիների անձնական ուղեկցող բեռ ու հանձնվել պատվիրատու սուբյեկտներին: Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները: Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ օրենքով սահմանված կարգով չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Արդյունքում՝ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2019թ. հուլիսից Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք, նույն հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, նախնական համաձայնության են եկել մի շարք քաղաքացիների հետ: Մասնավորապես` նրանց օգտին ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպման հարցերի հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում կատարել են ակնհայտ ապօրինի գործողություներ, ինչպես նաև անգործություն են ցուցաբերել իրենց վերապահված մաքսային հսկողության գործառույթների նկատմամբ: Այս ամենի դիմաց քաղաքացիներից պարբերաբար ստացել են տարբեր չափերով կաշառք: Նշված քրեական գործով տրված քննչական հանձնարարության շրջանակում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով կազմավորված քննչական խմբում ընդգրկված քննիչների ու ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել են վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի: Խուզարկություններ են կատարվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, ձերբակալվածների բնակարաններում, ինչպես նաև նրանց վարած տրանսպորտային միջոցներում, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, քաղաքացիների անձնագրեր և պաշտոնական տարաբնույթ փաստաթղթեր: Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է կոռումպացված աշխատակիցներին բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` միաժամանակ հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում` առանց օրենքով սահմանված պատշաճ ձևակերման ընթացակարգի և հայտարարագրման կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ձեզ կեհաքրքրի...