15 բնապահպան դատի է տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին
15 բնապահպան դատի է տվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Բնապահպանների թվում են Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լեւոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանը եւ Միլենա Բաղդասարյանը:
Նրանք պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Բնապահպանների ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի հայտարարությունը:
«Փոխվարչապետը հայտարարել էր, որ բնապահպանները ֆինանսավորվում են հանքարդյունաբերողների կողմից: Այդ հայտարարության հետ կապված բնապահպանները դիմել էին Ավինյանին՝ ճշտելու, թե արդյոք իրե՞նց է նկատի ունեցել, նա չէր պատասխանել: Միայն նշել էր, որ հավելյալ մեկնաբանման կարիք չկա: Դրանից հետո 15 բնապահպան դիմել է դատարան՝ պարզելու իրե՞նց է նկատի ունեցել Ավինյանը: Եթե՝ այո, ապա զրպարտության պահանջով դիմել են դատարան, որպեսզի հերքի այդ տեղեկատվությունը, թե իրենք ֆինանսավորվում են»,- ասաց Թորոսյանը:
Հարցին՝ փոխհատուցում պահանջո՞ւմ են, Թորոսյանը պատասխանեց. «Ներկա պահին դեռեւս չկա նման փոխհատուցման գումար, դեռեւս հերքման պահանջ է ներկայացվել: Սակայն չի բացառվում, որ հետագայում նման պահանջ եւս ներկայացվի»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռեւս հայցը չեն ստացել:
Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին:
armtimes.com