Շատ դեպքերում փորձագետները «շառից փորձանքից» դուրս գալու համար 2 վարորդին էլ մեղավոր կճանաչեն. Քեյան

20 րոպեի ընթացքում յուրաքանչյուր ավտովթարին արձագանքելը գրեթե անհնարին է: ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության խցանումների վերացման նպատակով ներկայացված օրենքի նախագծին:

Նախարարությունն առաջարկում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարել։ Նախագիծը քննարկման կլինի մինչեւ նոյեմբերի 30-ը, որից հետո կքննարկվի Կառավարությունում:

Ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում, եթե դրա արդյունքում կա մարդկային զոհ կամ վիրավոր, ապա պետք է անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն եւ ոստիկանություն հայտնելու համար։ Իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր (պատահարի մասնակցի) ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը, անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական, որից հետո վերադառնալ պատահարի վայր։

Պատահարի վայր վերադառնալուց հետո, եթե ավտովթարների դեպքում ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել երթեւեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքը՝ միմյանց եւ ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ։ Պետք է լուսանկարահանել նաեւ  մեքենաներից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դրանց պահպանման եւ դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ։

Եթե ՃՏՊ-ի հետեւանքով վնասվել է միայն գույքը, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել երթեւեկելի հատվածը, նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքերը, վնասները եւ այլն։ Դրանից հետո պետք է ձեռնարկել  միջոցներ՝  դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխման անհնարինության դեպքերի։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի փոփոխությամբ էլ ՏԿԵ նախարարությունն առաջարկում է ՃՏՊ-ի մասնակից վարորդի կողմից վերոնշյալ կարգը չպահպանելու եւ սահմանված կարգով երթեւեկելի մասը չազատելու դեպքում, (եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ) տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Տիգրան Քեյանը մեր զրույցում ասաց, որ ծանոթ է նախագծին եւ բացասական կարծիք ունի դրա վերաբերյալ. «Ես չգիտեմ, ով է այդ նախագիծը մտածել, բայց երեւի տեղյակ չէ երթեւեկության ծանրաբեռնվածության մասին։ 20 րոպեի պահանջ դնելը սխալ է։ Այսօր վթարների մեծ մասի դեպքում Ճանապարհային ոստիկանության առկայությունը պարտադիր է։ Ոստիկանության առկա ռեսուրսն ու ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ անհնարին է, որ նրանք բոլոր վթարներին 20 րոպեի ընթացքում արձագանքեն։ Այս տարի էր, եթե ճիշտ եմ հիշում, առաջին թեթեւ անձրեւի ժամանակ Երեւան քաղաքում 180 վթար էր եղել։ 20 րոպեի ընթացքում յուրաքանչյուր վթարին արձագանքելը գրեթե անհնարին է»։

Քեյանի խոսքով՝ նախագիծը, եթե անգամ գործի, լուրջ խնդիրներ է իր հետ բերելու. «Եթե քաղաքացիները զանգեն եւ ՃՈ-ն 20 րոպեում տեղ չհասնի, էլ ինչպե՞ս են գալու չափագրեն, որ հետագայում պարզեն, թե ով է մեղավորը։ Սա հետագայում մեծ դժգոհության ալիք է բարձրացնելու։ Եթե քաղաքացին այդ պահանջը կատարի՝ այսինքն 20 րոպեում ազատի տարածքը, գրեթե անհնարին է լինելու մեղավորությունը պարզել։ Շատ դեպքերում փորձագետները «շառից փորձանքից» դուրս գալու համար 2 վարորդին էլ մեղավոր կճանաչեն՝ 50/50 կլինի»։ Փորձագետը բացառում է, որ հնարավոր է վարորդները իրենց կողմից արված լուսանկարները մոնտաժեն. «Բայց մյուս կողմից էլ, ո՞ր վարորդն է պատկերացնում, թե ինչպես պետք է լուսանկարել, որ ճիշտ չափագրեն»։

Հարցին՝ խցանումների նվազեցման համար նախագիծը ազդեցություն չի՞ ունենա, Քեյանը պատասխանեց. «Գուցե խցանում չլինելու համար ավտոմեքենան երթեւեկելի գոտուց շուտ հանեն, բայց նորից եմ ասում՝ այստեղ միայն խցանման խնդիրը չի, չէ՞։ Բա վթարի մեղավորին ինչպե՞ս պարզենք»։

Քեյանը կարծում է, որ մինչեւ նախագիծը շրջանառության մեջ դնելը ՏԿԵ-ն պետք է ՃՈ-ից, Ապահովագրական բյուրոյից, վարորդների հետ անմիջական շփում ունեցող ՀԿ-ներից կարծիքներ ստանար։ «Հիմա, եթե նրանք այսպիսի նախագիծ են շրջանառության մեջ դնում, կարողանալո՞ւ են ապահովել այն ռեսուրսներն ու այնքան ոստիկան, որ կարողանան հասնել դեպքի վայր։ Միայն պարտադրանք դնելով եւ ժամկետ նշելով չի լինի»։

Փորձագետը նշեց, որ Երեւանում մեծ խցանումներ չկան. «Խցանումն այն է, որ մեքենաները տեղից չեն շարժվում։ Մեզ մոտ ծանրաբեռնվածության ընթացքում երթեւեկությունը դանդաղում է, բայց չի խցանվում։ Օրերս բացեցին «Մեգամոլ»-ը, կտեսնեք, թե այնտեղ ինչպիսի խցանումներ են լինելու, քանի որ կայանման մուտքն ու ելքը բավականին անհարմար է։ Շինարարական թույլտվություններ տալուց առաջ իշխանությունը պետք է մտածի, որ հետագայում այսպիսի խնդիրներ չառաջանան»։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մեր զրույցում ասաց, որ օրինագիծը չի ենթադրում, որ ՃՈ-ն պետք է 20 րոպեում հասնի ավտովթարի վայր. «Իմաստն այն է, որ 20 րոպեի ընթացքում վթարի մասնակիցները ժամանակ ունեն, որ ամբողջությամբ նկարահանեն, իսկ հետո նկարներով ոստիկանությունը գա եւ որոշի մեղավորությունը: Այդ օրինագիծը ուղղված է նրան, որ խցանումներ չլինեն: Հիմա մի թեթեւ խփում են ու ժամերով կանգնում են՝ մինչեւ ոստիկանությունը գա, ու խցանում է ստեղծվում»:

Սիմոնյանը նշեց, որ դեռ պետք է Ապահովագրական բյուրոյի հետ էլ քննարկեն այս հարցը, քանի որ նրանք են վերջնական փոխհատուցումն իրականացնում: Նա նշեց, որ նախագիծը ուղարկվել է նաեւ Ճանապարհային ոստիկանությանը. «Սա դեռեւս «հում» նախագիծ է, վերցրել ենք ՌԴ-ի օրինակը: Բայց իհարկե, հանրային քննարկումների, գերատեսչությունների եւ Ապահովագրական բյուրոյի կարծիքների վրա հիմնվելով պետք է վերջնական լուծման գանք»:

Փոխնախարարն ասաց, որ հարցը քննարկելու են նաեւ ՀԿ-ների հետ, եթե նրանք  ցանկություն հայտնեն: «Իհարկե քննարկման ժամանակ փոփոխություններ էլ կարող են լինել»,- ասաց Սիմոնյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...