Արցախի հարցում Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների պատկերացումները նույնն են․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։
Այս մասին երեկ՝ նոյեմբերի 3-ին, «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հարցին անդրադարձավ՝ ի պատասխան շահարկումներին, թե Արցախի հարցում Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները հակասություններ ունեն։ Սկզբից Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ խոսակցություններ են եղել այն մասին, թե ինքը պատրաստվում է Ղարաբաղը հանձնել, պատրաստվում է ծրագրված պատերազմի արդյունքում հողերը հանձնել:
«Ես կարող եմ հստակ արձանագրել մի բան, որ Հայաստանի իշխանության և Ղարաբաղի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Սա չափազանց կարևոր արձանագրում է, այլ կերպ ուղղակի չի կարող լինել։ Այս թեմայով շահարկումները ծիծաղելի են։ Ես ասել եմ, որ աշխատանքային տարբեր հարցերում կարող են լինել տարբեր մոտեցումներ: Ես հաճախ եմ քննարկում ունենում Արցախի իշխանության, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, և վերջին օրերին էլ ենք այդպիսի քննարկում ունեցել»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ այժմ էլ այլ թեզ է դրվում շրջանառության մեջ, այն է՝ եթե վարչապետը չի համաձայնում հողերը հանձնել, ուրեմն՝ պատրաստվում են պատերազմի, եւ այս թեմայով շահարկումներ են արվում:
«Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ վտանգներ պարունակում են: Բայց դրանք հիմա ավելի վտանգավոր չեն, քան եղել են նախկինում: Լարվածության շատ կտրուկ անկում ունենք, բայց սա չի նշանակում, թե լարվածություն չկա: Մենք այսօր էլ ունենում ենք զոհեր, պարզապես լարվածությունը զգալի թուլացել է: Ես պետք է ասեմ, որ բանակցային գործընթացում կա դինամիկա եւ զգալի դինամիկա: Ես կարող եմ հստակ ասել՝ բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, սա համահայկական հարց է, ու բոլորի հարցն է»: