Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործը դատարանում է. հայտնի է դատավորի անունը
Առողջապահության նախկին փոխնախարար, կաշառք ստանալու համար մեղադրվող Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է: Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ գործը դատարան է մուտք եղել նոյեմբերի 1-ին եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի դարձավ 2019 թվականի ապրիլի 1-ին: ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում տվյալներ էին ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ. «Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք էին բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել էր առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել էր ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»,-նշված էր հայտարարության մեջ:
Արսեն Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, ինչը հետագայում փոխարինվել էր գրավով: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալը: Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 23-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: